Լրագրողները բոյկոտել են Քոչարյանի գործով դատական նիստը
Արդեն 4-րդ օրն է՝ Երևանի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորքի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական գործով դատական նիստը:
Երեկ՝ մայիսի 15-ին, լրագրողները դիմեցին դատարանին՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի նիստերի դահլիճում լսելի լինի խոսողների ձայները: Սակայն այսօր՝ արդեն մայիսի 16-ին, իրավճակը չէր փոխվել. ինչպես նախորդ 3 օրերին, այսօր ևս դահլիճում ոչինչ չէր լսվում։
Այս պարագայում անիմաստ էր դառնում լրագրողների թե՛ ներկայությունը, թե՛ դատական նիստի դռնբաց լինելու հանգամանքը:
Լրագրողներին թույլ չէին տալիս նաև բարձրախոսները ներսում տեղադրել, որպեսզի դատական նիստի ելույթները լսվեն։ Ուստի լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը:
Լրագրողները դուրս եկան դահլիճից, իսկ դատարանն ընդմիջում հայտարարեց` խնդիրը լուծելու համար։