Քոչարյանի գործով դռնփակ նիստ անելու որևէ պատճառ չկա․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ կարող են ցուցմունքների հատվածներ հրապարակվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ նախաքննությւնն ավարտվել է՝ մեղադրական եզրակացությունը հաստատելով, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա: Եվ հրապարակվող նյութերի մեջ պետական գաղտնիքի խնդիր նույնպես չկա: Ամեն դեպքում՝ դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել: Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնփակ դատական նիստ անելու միջնորդության քննարկումը նույնպես իրականացվում է դռնփակ ռեժիմով, դրա համար դատարանն ընդմիջում տվեց հինգ րոպե, որպեսզի քննվի դռնփակ դատական նիստ անելու հարցը, որից հետո կորոշվի՝ դռնփակ կլինի՞, թե՞ ոչ»:
Նա նշեց, որ իրենք գտնում են, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա:
«Պատճառն այն է, որ նախաքննությունն ավարտվել է, և որևէ խնդիր՝ հրապարակելու ցուցմունքները, չկա: Հղում են անում այն հանգամանքին, որ դատարանը պարտավոր է ապահովել միջոցներ, որպեսզի վկաներն անջատ հարցաքննվեն: Այո, վկաներին միաժամանակ դահլիճում չեն պահում և չեն հարցաքննում միաժամանակ: Բայց դա չի նշանակում, որ վկաների հարցաքննությունը կարող է անցկացվել դռնփակ: Դա կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը»,- ընդգծեց Օրբելյանը:
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում