«Սանիթեք»-ի աշխատակիցներն արդեն 6 ամիս աշխատավարձ չեն ստացել
«Սանիթեք» ընկերության աշխատակիցները արդեն 6 ամիս աշխատավարձ չեն ստացել: Այդ մասին NEWSPRESS.am-ին է հայտնել ընկերության աշխատակիցներից մեկը: Վերջինս իր գործընկերոջ հետ աղբամանների ողջտարածքում կուտակված աղբն էր տարհանում: Դիտարկմանը, թե արդեն 8-րդ օրն է աղբը դեռ տարհանված չէ, աշխատակիցը սրտնեղած արձագանքեց. «120 հազար դրամ ենք ստանում, էն էլ էդ բ...-ի տղերքը չեն տալիս, մենք էլ երբ հարմար ա՝ գալիս ենք: Արդեն 6 ամիս ա՝ աշխատավարձ չենք ստանում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շատերն են պատրաստվում դուրս գալ ընկերությունից:
«Սանիթեք»-ի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, նաև տեղեկացրեց, որ «Սանիթեք» ընկերությունը բավականին մեծ ներդրում է արել ու հիմա քաղաքապետարանից պահանջում է փոխհատուցում, քանի որ քաղաքապետը պատրաստվում է երկրորդ օպերատորի ընդգրկել: Չնայած ձեռքբերված պայմանավորվածությանը՝ քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել:
«Ասում են փող չկա, չեն տալիս, մենք արդեն չենք կարողանում: Ինչքա՞ն կարելի ա անփող աշխատել»,-ասաց ընկերության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ փետրվարին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր): Նախնական պայմանավորվածությամբ, այդ մեքենաները պետք է վարձակալությամբ հանձնվեին «Սանիթեք»-ին, սակայն պայմանավորվածությունը խախատվել է: Խախատվել են նաև մինչ այդ ձեռքբերված այլ պայմանավորվածություններ:
Այս ամենի հետևանքով քաղաքը աղբից ազատվելու փոխարեն, աշխատանքից ազատվում են «Սանիթեք»-ի աշխատողները: