«Մինչև հունիսի 20-ը մարզպետը կասի՝ կա՛մ կտան, կա՛մ չեն տա». Ողջաբերդի գյուղապետը՝ սողանքային գոտու փոխհատուցման մասին
«Ճանապարհը բաց է հիմա»: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանը:
Նկատենք, որ վաղ առավոտից, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը: Որպես սողանքային գոտու բնակիչներ, նրանք փոխհատուցում են պահանջում:
Հարցին, թե մարզպետարանից որևէ մեկը եկա՞վ լսելու բնակիչներին, գյուղապետը դրական պատաասխանեց:
«Այո՛, փոխմարզպետը եկավ, ամեն ինչ բացատրեց, գյուղացիները հասկացան ու բացեցին ճանապարհը»,-ասաց գյուղապետը: Իսկ թե կոնկրետ ինչ բացատրեց փոխմարզպետը հարցին, Նորայր մելքոնյանը պատասխանեց. «Փոխմարզպետը ասաց բնակիչների ցուցակը ուղարկել են կառավարություն: Հանձնարարականներ կլինի, կուսումնասիրեն: Ասաց մինչև հունիսի 20-ը մարզպետը կհանդիպի ու կասի՝ կամ կտան, կամ, եթե գումար չկա՝ չեն տա: բայց ուսումնասիրություններ կարվի, թե քանի հոգու կտան, ես էդ չեմ կարող ասել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել:
Հարցին, թե հաշվի առնելով, որ խնդիրը նոր չէ, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ կառավարությունից, գյուղապետը պատասխանեց, որ դա իրենց գյուղի ցավոտ կողմն է:
«Փուլ առ փուլ, փոքր հատվածներով, կառավարությունն աընդհատ գումարներ է տվել: Հիմա էլ, եթե այս կառավարությունը որոշի, որ գան ուսումնասիրեն ու գումարները տան, երևի խնդիրը արդեն կփակվի»,-ասաց համայնքի ղեկավարը և հավելեց. «Կամ էլ եսիմ, ումը վթարային ցածր աստիճան կլինի՝ թող իրենք սպասեն, չգիտեմ, թե ոնց կորոշեն, դա կառավարության խնդիրն է, դա ես չեմ որոշում»,-եզրափակեց գյուղապետը:
Նկատենք, որ գյուղի 106 բնակելի գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Թեև բնակիչները մինչ այս էլ բարձրաձայնել են խնդրի մասին, սակայն միայն մասնակի օգնություն է եղել ու սողանքների հետևանքով սպառնացող վտանգը չի նահանջել: Այժմ բնակիչները հույս ունեն, որ նոր կառավարությունը մինչև հունիսի 20-ն իրենց դրական պատասխան կտա և վերջնականապես խնդիրը կլուծվի: