«Ես պնդում եմ, որ մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է»․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հույս ունի, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ արդար որոշում կլինի:
Համենայն դեպս դատարանում նա այդպես հայտարարեց լրագրողների հետ զրույցում։ Լևոն Քոչարյանի որակմամբ, ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն անձնական վրեժխնդրություն է։
«Ես պնդում եմ, որ մեղադրանքն անձնական վրեժխնդրություն է։ Բնականաբար, համամիտ ենք հորս ու մեր պաշտպանների ասածների հետ։ Այդ ամենը տեսնում ենք, բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը»,- ասաց նա։
Հարցին, թե ո՞վ պետք է պատասխանատվություն կրի 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների համար, Լևոն Քոչարյանը արձագանքեց․ «Թող հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել, ով է այդ ամեն ինչի մեջ մեղավոր, ինքն էլ պատասխանատվություն թող կրի: Իսկ այն սկզբունքը, որ ասում են՝ դե, մեկը պետք է պատասխանատվություն կրի, դա սխալ է»,- ասաց Քոչարյանը:
Դիտարկմանը, թե զինված ուժերը մասնակցել են քաղաքական գործընթացներին, Լևոն Քոչարյանն ասաց. «Դուք հիմա առաջ ընկնելով՝ ինչ-որ մարդկանց կողմից հրամցվող բաները որպես ճշմարտություն եք ներկայացնում: Ես շատ ուրախ կլինեմ, որ բաց դատավարություն լինի, ու այդ ամենն իր հանգուցալուծումը ստանա: Հիմա եթե ես տեսակետ հայտնեմ, սուբյեկտիվ է ընդունվելու»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը։
Ամբաստանյալներից դատարանում ներկա է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի մուտքը ներկաները ծափերով ողջունեցին։