Չինաստանը կշարունակի իր առևտրային կապերն Իրանի և Վենեսուելայի հետ
Չինաստանը մտադիր է շարունակել տնտեսական ու առևտրային կապերն Իրանի և Վենեսուելայի հետ՝ հաշվի չառնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների արգելքը: Չինաստանի առևտրի նախարար Գաո Ֆենը հայտարարել է, որ Չինաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու է Իրանից նավթ գնել:
«Իրանը Չինաստանի համար կարևոր առևտրային գործընկեր է, և մենք շարունակելու ենք նրա հետ մեր առևտրային հարաբերությունները՝ անկախ նրանից, որ Ամերիկան խիստ միակողմանի պատժամիջոցներ է կիրառում այդ երկրի դեմ, բացի այդ մենք շարունակելու ենք մեր գործընկերային հարաբերությունները նաև Վենեսուելայի հետ»,- ասել է նախարարը:
«Վաշինգտոնն իր պատժամիջոցներով ուղղակի անկայունացնում է նավթի համաշխարհային շուկան»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ իրենց նպատակն է 0-ի հասցնել իրանական նավթի արտահանման ծավալները, ինչպես նաև նշել էր, որ պատժամիջոցներ կկիրառեն այն բոլոր երկրների հանդեպ, ովքեր նավթ կգնեն Իրանից: