Լոռիում տնօրենները ճնշումների են ենթարկվում և կանչվում են, որպեսզի հերքումներ գրեն՝ իրենց բողոքի հետ կապված. պատգամավոր (տեսանյութ)
Երեկ ես հայտարարությունների ժամին ներկայացրի, թե ինչպես է Լոռու մարզում մարզպետարանի կողմից ճնշումներ գործադրվում տնօրենների նկատմամբ Քաղաքացու օրվա տոնակատարությանը չմասնասկցելու հետ կապված: Այդ մասին Աժ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ նախապես տեղեկացնելով, որ իր ելույթը չի վերաբերելու քննարկվող՝ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:
«Այսօր՝ այս պահին, երբ մեր վարչապետն ասուլիս է տալիս և փաստում, որ Հայաստանում այլևս վերացվել են ճնշումները և չկա սուպերվարչապետական այդ մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին նույն տնօրենները ճնշումների են ենթարկվում և կանչվում են, որպեսզի հերքումներ գրեն՝ իրենց բողոքի հետ կապված: Սա խայտառակ մոտեցում է, և ես ակնկալում եմ, որի կառավարությունն անպայման կանդրադառնա այդ խնդրին: Պետք է ժամ առաջ բացառենք նման վարքագիծը: Հենց այս պահին Վանաձորում այդ տնօրենները մարզպետարանի կողմից կրկին ճնշումների են ենթարկվում, որպեսզի երեկվա բարձրացված խնդիրը հերքեն»,- ասաց Եղիազարյանը: