«Իմ քայլի» թևերի խաղը. ինչու Սասուն Միքայելյանը դիտողություն արեց Արարատ Միրզոյանին
Շատ է խոսվել այն մասին, որ «Իմ քայլի» ներսում արդեն սկսել են խմորումները, և հետագայում սպասվում են լուրջ վերադասավորումներ, այն առումով, որ սևերն ու սպիտակները հիմա ոչ միայն քայլածներն ու չքայլածներն են, նաև այդպիսիք կան քայլածների մեջ: Այն միտքը, թե «Իմ քայլում» կուռ միասնություն է տիրում, միայն վառ երևակայության հետևանք կարող է լինել: Այսօր իշխանական ուժերը բաժանված են թևերի և միմյանց հանդեպ գառի դիմակով գայլ են խաղում:
Այսպես, առանձին թևեր են կազմում Տիգրան Ավինյանն՝ իր դաշնակիցներով, Արարատ Միրզոյանն առանձին և «Իմ քայլի» գորշ կարդինալը՝ Սուրեն Պապիկյանը, բոլորովին այլ՝ ավելի հեռուն գնացող իր նպատակներով:
Պատահական չէր այսօր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից արված դիտողությունը՝ կապված Եռատոնի կապակցությամբ չշնորհավորելու հետ, ապա նաև փոքրիկ ժեստը՝ նա շնորհակալություն հայտնեց և լքեց ԱԺ դահլիճը:
Սա խոսում է միայն կուսակցության ներսում թևերի բաժանվածության ու նաև ուժի ցուցադրության մասին:
Իրականում, Սասուն Միքայելյանն իրեն այդքան էլ լավ չի զգում այս պայմաններում, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, և քանի որ իշխանության գալով՝ կարծում էր, թե պետք է էլ ավելի հզորանար ու էլ ավելի բարձր դիրք ունենար: Ի վերջո, նախանձն առ Մանվել Գրիգորյան հենց այդ դրսևորումն էլ ունի: Սասուն Միքայելյանը փորձում է այնպես անել, որ իր կշիռը բարձրացնելով՝ հավասարվի այն դիրքին, որում Մանվել Գրիգորյանն էր՝ ՀՀԿ-ի ներսում:
Դա է պատճառը, որ Միքայելյանը՝ համակրելով Տիգրան Ավինյանին, ատամ է ցույց տալիս Արարատ Միրզոյանին և զգուշացնում՝ հանգիստ նստիր տեղդ, մեր թիմը կարող է ավելի ուժեղ լինել:
Ամեն դեպքում, այսօր Սասուն Միքայելյանի հաշվին գրանցվեց +1 գոլ և մեկ միավորով առաջ անցավ մրցակիցներից: