«Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ, ով գայթակղություն ունի, թող բախտը փորձի»․ Փաշինյան
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ և այդ իշխանության ներսում հնարավոր լինեն տարբեր թևեր»։ Այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին, երբ վերջիններս հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի գործով իշխանության մեջ տարբեր թևեր կան։
Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի իշխանության մեջ, մասնավորապես` գործադիր իշխանության մեջ չեն կարող թևեր լինել, քանի որ կառավարությունն ու գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից։
«Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ, ոչ թե այն բանի համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ քանի որ այդպես է օրենքը, տրամաբանությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Բացառվում է, որ որևէ պայմաններում ես թույլ տամ երկրում անկառավարելիություններ, քաոսներ, «վակխանալիաներ», պալատական ինտրիգներ, բացառված բան է: Եվ կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կչորանան: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,- եզրափակեց նա: