Փաշինյանի թիմին պակասում է ճաշակն ու «կրեատիվը»
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում կարդում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին՝ ԵԽ 70-ամյա հոբելյանի առիթով, ինչպես նաև ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանում տեղի ունեցած ավիաողբերգության կապակցությամբ։
Իհարկե սովորական ու ստանդարտ, կարելի է ասել, նույնիսկ զուտ արարողակարգային այս հաղորդագրությունները ուշադրություն չէին գրավի, եթե դրանց կցված վարչապետի նկարները շատ «ուշագրավ» ու «կուրիոզային» մանրուքներ չպարունակեին։
Եվ այսպես, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին հղված ուղերձի մասին պատմող հաղորդագրության լուսանկարում Փաշինյանը կարմրավուն փողկապով է ու ժպտացող, իսկ ահա Պուտինին հղված ցավակցական հեռագրում՝ սևավուն փողկապով ու շատ լուրջ, նույնիսկ դեմքի տխուր արտահայտությամբ, չասելու համար՝ թախծոտ։
Թե ինչ են մտածել կառավարության պատկան ստորաբաժանումում, որ նման լուսանկարներ են կցել հաղորդագրություններին, դժվար է ասել, սակայն նույն տրամադրությամբ կարելի էր նույնիսկ հաղորդագրության մեջ «իմոջիններ» էլ ավելացնել, ասենք շնորհավորական ուղերձում «երջանիկ» հոգեվիճակ պատկերող «սմայլիկ», իսկ ցավակցական հեռագրում՝ «տխուր» կամ «թախծոտ» հոգեվիճակ պատկերող «սմայլիկ։
Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա սա առնվազն «գեղցիություն» է, ռաբիզության վերջին ճիչը, քանի որ գոնե պետության առաջին դեմքի աշխատակազմը պետք է ունենար բավարար ճաշակ, փորձառություն՝ հաղորդագրություններում ընդունված պրակտիկայի համեմատ, պարզապես «չեզոք» լուսանկար դնելու համար։
Այլապես, եթե վաղը-մյուս օրը Գուայդոն հաղթի Վենեսուելայում ու գունավոր հեղափոխություն իրականացնի, Փաշինյանն էլ շնորհավորի, ինչ է՝ հաղորդագրությանը «պարող Փաշինյանի» լուսանկա՞ր է կցվելու, թե՞ «խորոված անող»։
NEWSPRESS.am