Ինչու հիմա Ռուսլան Բաղդասարյանը հայտնվեց թիրախում, կամ ինչ հարց է լուծում իշխանությունը
Երևանի վարչական շրջանների նախկին ղեկավարներից Դավթաշեն համայնքի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ուշադիր հետևում է նոր իշխանության յուրաքանչյուր գործողությանն ու դրանք հատ առ հատ համեմատում տված խոստումների հետ։
Ռուսլան Բաղդասարյանի խոշորացույցի տակ է հատկապես քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն ու քաղաքային համայնքների զարգացմանն ու խնդիրների վերացմանն ուղղված քայլերը։
Բաղդասարյանն առաջիններից էր, որ քննադատեց Երևան քաղաքի համայնքային բյուջեից մասնավոր ընկերության՝ «Սանիտեքի» համար աղբահանության մեքենաներ գնելու Մարությանի որոշումը։
Բաղդասարյանն առաջիններից էր, որ անընդհատ Մարությանին հիշեցնում էր խոստացած մետրոյի կայանների մասին։
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ուշադրությունից չվրիպեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։
Վերջինս արդարացի հարցադրում հնչեցրեց․
«Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին. ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները։ Սիրելի երևանցիներ, որպեսզի հասկանաք, թե ինչ մասշտաբի է հասնում սրանց «беспредел»-ը, ասեմ իմանաք, որ տարեկան 1.8 մլրդ. դրամ ավելի են ստանալու, քան հիմա՝ մոտավորապես 3.8 մլն դոլար։ Իսկ էդ գումարով կարելի է տարեկան 150-200 վերելակ փոխել։ Ընդհանրապես աշխատավարձը բարձրացնում են կամ եկամուտներն ավելացնելու հաշվին, կամ աշխատակազմի օպտիմալացման հաշվին։ Տվյալ քաղաքապետը ո՛չ քաղաքի եկամուտն է ավելացրել, ո՛չ աշխատակազմն է օպտիմալացրել, այլ հակառակը՝ եկամուտները նույնիսկ իր պլանավորածը չի կարողանում կատարել, իսկ աշխատակազմն էլ ավելացրել է՝ 1998-ից դարձնելով 2124։ Սա կլասիկ բյուջեի գրպանում է»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։
Բնականաբար, նորօրյա իշխանությունները չէին կարող մարսել իրենց հասցեին հնչեցված նմանօրինակ փաստարկված քննադատությունը, իսկ դրա համար գործում է քրեական գործ հարուցելու ակտիվ և փորձված մեխանիզմը։
Այդ մեխանիզմը կիրառվեց Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ․ այսօր նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ իր մտերիմներին աշխատանքի ընդունելու, բայց չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանալու համար։
Ըստ տարածված հաղորդագրության՝ այդ նպատակով դուրս է գրվել 41,7 մլն դրամ։
Այս հաղորդագրությունից հետո անհնար է հարց չտալ՝ նույնաբովանդակ հաղորդագրություն տարածելուց հետո, քանիսի՞ն են ճաղերից այն կողմ ուղարկել, մի՞թե բռնել-բաց թողնելուց չեն հոգնել․ ականջները կանչի Արամ Հարությունյանի, Սաշիկ Սարգսյանի, Միհրան Պողոսյանի, Սերժի Վաչոյի, Հովիկ Աբրահամյանի, Ջոնիկ Աբրահամյանի ու էլի շատ ու շատ յաների․․․
Ահա թե ինչու Փաշինյանը չի ցանկանում ուժային կառույցներին հանել իր ենթակայության տակից․ չէ՞ որ իր ենթակայության տակ նրանք անկաշկանդ են քրգործեր հարուցելու բոլոր նրանց «վրա», ովքեր կհանդգնեն ասել ճշմարտությունը։