Չեն կասկածում, նախանձում են․ Ծառուկյանը՝ խոսակցությունների ու մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նկատում է, որ իր շուրջը պտտվող բոլոր խոսակցություններն անհիմն են և ինքն էլ, տեսանելի ապագայում, չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը։
Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։ Ծառուկյանը նաև հավելեց, որ նման մանր-մունր ու չհիմնավորված խոսակցություններն էապես վնասում են նաև ներդրումներին, քանի որ մարդիկ վստահում են իրեն և փորձում դրսից ներդրումներ անել Հայաստանում, իսկ նման երևույթները խանգարում են։
Հարցին, թե ինչո՞ւ պատգամավորները սկսեցին կասկածել իրեն, Ծառուկյանը պատասխանեց․ «Դա կասկած չի առաջացրել, դա նախանձն ա, որ իրենք չեն երևում, ոչինչ չեն կարողանում անել, Ծառուկյանի քայլի վրա գալիս են, դիմում են, ուզում են Ծառուկյանի հետ անեն: Ես ի՞նչ ասեմ: Եթե ներդրողը գնում է տարածք, ժողովուրդը չի թողնում, ասում է՝ անցած տարի մեզ խաբել եք: Ասում են՝ Ծառուկյանի հետ ենք: Ժողովուրդն էլ ասում է՝ դե թող Ծառուկյանը գա: Ես եմ գնում, ասում եմ՝ իմ գործընկերներն են, մարդիկ ցուլ են մորթում․ ասում եմ՝ ժողովուրդ ջան, իմ գործընկերներն են, ուզում են տեքստիլի քաղաք կառուցել, իրենք են կառավարիչները: Ասում են՝ մենակ քո խոսքը պետք է լինի, դու ասա: Ես էլ ասում եմ՝ ես պատասխանատու եմ, թող աշխատեն»:
Երբ վայր կդնի նա իր մանդատը հարցին, Ծառուկյանը արձագանքեց․ «Երբ վայր դնեմ մանդատս, կտեսնեք, թե դա ինչպես տնտեսության վրա կազդի»:
Մանրամասները՝ տեսանյութում