«Ժողովուրդ». Իրավապահ համակարգի ամոթը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հիշում եք, ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Այդ դեպքի բացահայտման աշխատանքները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր անձնական հսկողության տակ էր վերցրել: Ավելին, դեպքի հաջորդ օրը Օսիպյանը հայտնել էր, որ ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ: Սակայն պարզվում է` մինչեւ հիմա այս քրեական գործն այդպես էլ չի բացահայտվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հարցաքննել է ոստիկանության մատնանշած կասկածյալներին, սակայն այդպես էլ որեւէ ապացույց չի եղել, որ նրանք են թալանել Ապրիլյան զոհերի հարազատներին: Ավելին, որեւէ ապացույց չի եղել, որ նրանք ընդհանրապես գտնվել են այդ տարածքում: Ու, փաստորեն, պետք է արձանագրենք՝ կատարվածից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն մինչ օրս այն բացահայտված չէ:
Սա, թերեւս, իրավապահ համակարգի ամոթն է: Ի վերջո, հաշվի առնելով այն փաստը, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, հաշվի առնելով, որ հանցագործության թիրախ են դարձել պատերազմի զոհերի հարազատները, որ եկել էին սգալու հերոսների մահը` իրավապահ համակարգը պետք է ջանք ու եռանդ չխնայեր կատարվածը օր առաջ բացահայտելու հարցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում