Ինչու է Ծառուկյանը տանջում Կոտայքի մարզպետին
Այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական թիմը պետք էին Նիկոլ Փաշինանին իր քաղաքական երազանքին հասնելու համար, Գագիկ Ծառուկյան անձը որևէ խոչընդոտ չէր ներկայացնում պետության համար ու որևէ մեկին չէր հետաքրքրում՝ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ խոշոր սեփականատեր:
Այս հարցը չէր հետաքրքրում ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա քաղաքական թիմին, ո՛չ նրանց ֆեյքերի բանակին:
Այսպես էր հեղափոխությունից առաջ, այսպես էր նաև անցյալ տարվա մայիսին՝ վարչապետ Փաշինյանի ընտրության օրը:
Հիմա իշխանությունն իր գործադիր և օրենսդիր թևերով պատկանում է Նիկոլ Փաշինյանին, ուստի կարելի է մոռանալ բոլոր տված խոստումներն ու ձեռք բերած պայմանավորվածություններն ու անցնել գրոհի՝ փորձելով վերացնել իրենից ուժեղներին:
Հիմա Փաշինյանի հրահանգով Գագիկ Ծառուկյանի դեմ արշավ է սկսել քաղաքական կենսագրություն չունեցող, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ ստեղծված և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններին անցողիկ շեմն անգամ չհաղթահարած «Քաղաքացու որոշում» կուսակցությունը:
Այս՝ հոգևարքի մեջ գտնվող կուսակցությունը, շնորհիվ Փաշինյանի, նրա պատգամավորների ու ֆեյքերի PR-ի, իր գոյության մասին հիշել է տալիս՝ թիրախավորելով ԲՀԿ առաջնորդին:
Սակայն ՔՈ-ն միակը չէ, ում թիրախում հայտնվել է Գագիկ Ծառուկյանը. նա հանգիստ չի տալիս նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:
Պետրոսյանը մեկ ստուգումներ է անցկացնել տալիս Ծառուկյանի ազդեցության գոտի Աբովյան քաղաքում, մեկ տեղեկատվական արտահոսքեր ուղղում դեպի որոշ լրատվականներ՝ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ ներկայացնելով միակողմանի՝ իրեն ձեռնտու տեղեկատվություն:
Ծառուկյանի գոյությունն ու ազդեցությունն իր մարզում՝ տանջում է մարզպետ Պետրոսյանին այն աստիճան, որ նա որոշել է ՔՊ-ական անփորձ մեկին կարգել Աբովյան քաղաքի քաղաքապետ՝դասեր չքաղելով սեփական թիմակիցների անփորձության արդյունքում պետությանը հասցված վնասից:
Հետաքրքիր է՝ մինչև ո՞ւր կարող է հասնել Ռոմանոս Պետրոսյանի երևակայությունն ու է՞լ ինչերի է ընդունակ երիտասարդ մարզպետը, որի բոլոր աշխատանքային պարտականությունները պտտվում են նեղ անձնական շահերի ու Կոտայքի մարզը ՔՊ-ականացնելու շուրջ:
NEWSPRESS.am