Ինչո՞ւ Զարուհի Մեջլումյանը որոշեց հեռանալ Սանասարյանի հետ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի խոսնակ Զարուհի Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նախքան ազատման դիմում գրելն էլ Մեջլումյանն իր հաշվին երկարատև արձակուրդ է գնացել։
Հիշեցնենք՝ Զարուհի Մեջլումյանն արձակուրդի գնաց այն ժամանակ, երբ ՊՎԾ-ում ի հայտ եկան չարաշահումներ և կալանավորվեցին ՊՎԾ աշխատակիցներ։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ՊՎԾ-ում Դավիթ Սանասարյանին փոխարինող Արգիշտի Քյարամյանն այժմ չի ցանկանում աշխատել Սանասարյանի կադրերի հետ, ինչի պատճառով մեկը մյուսին կհաջորդեն Սանասարյանի կադրերի՝ սեփական կամքով ազատման դիմումներ գրելը, ինչն էլ արել է մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը։
Նշենք, որ Զարուհի Մեջլումյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերն ակտիվորեն շրջանառվեցին նաև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը վարչապետին ուղարկելուց հետո։
Տևական ժամանակ մամուլի հետ չշփվելուց հետո Զարուհի Մեջլումյանը, սակայն, հայտնվեց ու հայտարարեց, որ ոչ թե աշխատանքից է ազատվել, այլ եղել է 10-օրյա չվճարվող արձակուրդում, քանի որ հոգեպես ծանր ժամանակաշրջան էր ապրում։
Այդ ժամանակ Դավիթ Սանասարյանն էր հորդորել Մեջլումյանին հրաժարվել աշխատանքից ազատվելու մտքից ու խոստացել ամեն գնով կանգնել նրա թիկունքին՝ պաշտանելով նաև լրագրողների ամենասուր քննադատություններից։
Բացառապես Սանասարյանի հորդորներով ՊՎԾ մամուլի խոսնակի գործն անող Զարուհին վերադարձավ աշխատանքի, իսկ Սանասարյանն էլ օգնեց հաղթահարել դժվարին ժամանակները, իսկ այժմ չկա Սանասարյանը, չկա նաև նրա օգնությամբ ՊՎԾ-ում հայտնված Զարուհի Մեջլումյանը։
Սանասարյանի հետ միասին, ըստ մեր տեղեկությունների, ազատման դիմումներ կգրեն նաև ՊՎԾ-ում կարևոր և բարձր պաշտոններ զբաղեցնող ներկայիս պաշտոնյաներ։
Հ.Գ. հոդվածը պատրաստվում էր հրապարակման, երբ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հաստատելով, որ ազատվել է աշխատանքից։ Մեջլումյանը նաև նշել է, որ ՊՎԾ-ում այլևս լրատվության բաժին չի լինելու։