Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, կամ՝ հիմա Փաշինյանը կիսամա՞րդ է
Ֆեյսբուքահայությունը շարունակում է ակտիվորեն քննարկել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կատակը Նիկոլ Փաշինյանի հետ, որը բավական տգեղ էր ու անտեղի։
Առհասարակ, եթե փորձենք մոնիթորինգ անել, ապա քննարկումները մի քանի հարթությունում են։ Նախ, բավական մեծ քվով մարդիկ քննադատում են Փաշինյանին, մատնանշում նրա թույլ գրագիտությունը, լեզվական սխալները, ակնարկում, որ «ասֆալտին փռող ու պատին ծեփող» վարչապետը պետք է նաև նույնքան դուխով լիներ` հակադարձելու Ռուսաստանի վարչապետին։
Երկրորդ խումբը, որ իշխանականներն են ու իշխանամերձները, կուրծք ծեծելով պաշտպանում են Փաշինյանին, առիթ-անառիթ քարկոծում Մեդվեդևին։ Այս խմբում հատկանշական էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը` կապված Փաշինյանի դուխի, զսպվածության ու միջադեպի գնահատականի հետ կապված։
Հաջորդ խումբը, որ ավելի չափավոր են իրենց արտահայտություններում, արձանագրում են փաստը և ափսոսանք ու ցավ հայտնում տեղի ունեցածի համար, արձանագրելով նաև, որ դեռ երբեք Հայաստանի ղեկավարը այդքան չէր ստորացվել։
Իհարկե, նաև արձանագրվել է, որ Փաշինյանը պարտավոր չէ իմանալ ռուսերեն։ Այս ամբողջի մեջ շատ զավեշտական էր հենց Փաշինյանի արձագանքը, որը փորձ է անում հարցը գռեհկացնելով, տեղափոխել պատկերավոր ասած՝ գալուստսահակյանական դաշտ ու այդկերպ փակել թեման։ Զարմանալի է, որ Փաշինյանն ինքը կամ չի վիրավորվել Մեդվեդևի՝ իրեն «մանթո քցած» պահվածքից, կամ կարողանում է «դեմքը պահելու համար» ամեն ինչ հարթել, ասելով, որ պարզապես հոգնած էին և այլն, և այլն։
Իսկ իրականում, եթե զուտ փաստերի լեզվով խոսենք, ապա պարզ է, որ Փաշինյանը, ըստ պետական արարողակարգի, կարող է այլ երկրների ղեկավարների ու պատվիրակությունների հետ շփվել թարգմանչի միջոցով՝ անկախ իր լեզվաիմացական կարողություններից։ Սակայն, եթե որոշել է չդիմել թարգմանչի օգնությանը, ապա պարտավոր է գոնե ունենալ նվազագույն լեզվական իմացություն նման խայտառակ իրավիճակներից խուսափելու համար։
Ամեն դեպքում, Մեդվեդևի այցից պարզ էր, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ էլ չէր փոխվել ու չի փոխվի, քանի դեռ Փաշինյանը մի շարք հարցերում համառում է ու դեռ ինքն է իշխանության ղեկին։
NEWSPRESS.am