Մեր հիշողությունն էդքան էլ կարճ չի․ թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն․ Փաշինյան (տեսանյութ)
«Ասում են՝ մեր հիշողությունը կարճ ա, բայց էդքան էլ կարճ չի»։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վերջինս առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները։
Առաջարկվում է կենսաթոշակը, նպաստը լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգ, օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմին ներկայացված և ուժի մեջ գտնվող լիազորագրերը համարվում են 15 տարով տրված:
«Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են հետ գնալ: Ասում են՝ մեր հիշողությունը կարճ ա, բայց էդքան էլ կարճ չի։ Այս իրավիճակն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն և որոնք թոշակ են ստանում: Դրա հետևանքով պետությանը միլիարդաների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ ստեղծել, որ էլի նույնը բանը տեղի ունենա՞: Ես բացարձակապես չեմ հասկանում այս տրամաբանությունը»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում