Մեր օրերի Ռոբին Հուդը, կամ ամենասովորական աչքկապոցի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սկսել է կրկնօրինակել միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ Ռոբին Հուդին, ով, ըստ ավանդության, իր ավազակախմբով գործում էր Նոթինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում. թալանում էր հարուստներին՝ ավարը հանձնելով աղքատներին։
Մարությանը հիմա էլ նույնը ռեբրենդինգի ենթարկելով՝ գրեթե նույն ձեռագիրն է որդեգրել: Նա, «գողանալով» հարուստների տան մոտակայքում գտնվող աղբարկղերը, «բարեգործություն է» անում աղքատներին:
«Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում»,- ասում է Մարությանը:
Այս միտքը կարող ենք տարբեր կերպ ընկալել. առաջինն այն է, որ Մարությանը փորձում է սևերի ու սպիտակների բաժանելուց հետո, հիմա էլ ընդգծել հանրության սոցիալական կարգավիճակը, նրանց բաժանել հարուստների և աղքատների, իրեն էլ հռչակել այն փրկիչը, ով կդառնա նրանց միջնորդը և սոցիալական անհավասարությունը կհարթի:
Երկրորդն այն է, որ Մարությանը հազարավոր քաղաքացի անցուդարձի վայր ասելով՝ հասկանում է, օրինակ, Հյուսիսային պողոտան, ուր ինքն է բնակվում և իր շուրջը կոկիկ դարձնելու խնդիր է լուծում:
Նախընտրական շրջանում մաքրելու խոստում տված Հայկ Մարությանը ձեռքերը փրփուրներից է մեկնում, նա օգտագործում է յուրաքանչյուր առիթ՝ ցույց տալու, թե աշխատում է այդ ուղղությամբ, սակայն՝ ապարդյուն: Ակնհայտ է, որ մինչ հեղափոխությունը ու մինչ Մարությանը՝ Երևանի աղբահանությունը շատ ավելի լավ էր կատարվում, իսկ նրա խոստումները մնացել են օդում առկախված:
Մնում է փաստել, որ այս ցուցադրական հնարքներն ընդամենը միտված են աղբահանությունից դժգոհ հանրության բարկությունը փոքր-ինչ մեղմելուն ու ցույց տալուն, թե իբր՝ տեսեք-տեսեք՝ լուծման ճանապարհները մենք փնտրում ենք, բայց խնդիրն է պնդաճակատ ու համառորեն չի լուծվում: