«Հրապարակ». Ես անդամակցել եմ ՀՀԿ-ին ֆիկտիվ կերպով. «Իմ քայլի» պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գևորգ Պապոյանին։ «Ոչ, ես չեմ եղել ՀՀԿ ներկայացուցիչ, ունեցել եմ ընկերներ` դեռևս 12 տարի առաջ, որոնց հետ գնացել ենք Արագած սար և նկարվել ենք, և նկարը շրջանառվում է։ Իսկ ինչ վերաբերում է երիտթևի անդամ լինելուն, ապա ես՝ իմ թանկագին ընկերոջ խնդրանքով, չեմ ասի անունը, մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչև 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել եմ ՀՀԿ-ին»:
Ներեցեք, ի՞նչ ասել է` ֆիկտիվ կերպով, ֆեյք ՀՀԿ-ակա՞ն եք եղել։ «Ո՛չ, ո՛չ։ Տեսեք, էսպես ասած` իմ ուսանողական ընկերն էր` ընդառաջեցի, այսինքն` ձևական»: Բա ո՞նց իմանանք` ֆիկտի՞վ էր, թե՞ իրական։ Իսկ կարո՞ղ է ՔՊ-ին էլ եք ֆիկտիվ անդամակցել։ «ՔՊ անդամ դառնալու դիմումի մեջ իմ ցանկության մասին մեծատառերով գրված է»:
Հաստա՞տ մեծատառերով է գրված։ «Այո, առաջին տառերը՝ մեծատառերով, մնացածը` մեծ-մեծ տառերով, միանաշանակ։ Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչև 2012թ․ համակրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»:
ՔՊ-ն Ձեր ո՞րերորդ կուսակցությունն է։ «Փաստացի՝ երկրորդ․․․ Ես, ըստ էության, այն ժամանակ եմ համակրել Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ մեր այսօրվա ղեկավարը համագործակցում էր Տեր-Պետրոսյանի հետ»: Ասում են` Սերժ Սարգսյանը վերադառնում է. հնարավո՞ր է կրկին համակրեք նրան։ «Ոչ, ես հպարտանում եմ, որ ՀՀԿ-ից դուրս եմ եկել 2007 թվականին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում