Շրի-Լանկայում զոհերի թիվը հասել է 250-ի. նրանց մեջ են դանիացի միլիարդատիրոջ 3 երեխաները
Շրի-Լանկայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 250 է, ոչ թե 359, ինչպես նախկինում տեղեկացվել էր: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ պայթյունի հետևանքով շատերի մարմինները մասնատվել էին և հաճախ մեկ մարդու մասնատված մարմինը հաշվվել է որպես մի քանի մարմին: Այստեղից էլ հիմնականում առաջացել էր զոհերի թվի անհամապատասխանությունը:
Զոհերի թվում շատ են օտարերկրացիները, նրանց թվում են նաև դանիացի միլիարդատեր Անդերս Պովլսենի երեք երեխաները:
Հիշեցնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, չնայած դա դեռևս ապացուցված չէ:
Ավելի քան 70 մարդ է ձերբակալվել ահաբեկչությանը սատարելու և կազմակերպելու մեղադրանքով: