Ինչ կշահի Հայաստանը՝ ԵՏԱՄ-ում ռոումինգի չեղարկումից
Ռուսաստանի հակամոնոպոլիստական դաշնային ծառայության կանխատեսումների համաձայն, արդեն 2019 թվականի ընթացքում Ռուսաստանն ու Բելառուսը կարող են չեղարկել ռոումինգը։
Բացի այդ, Ռուսաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ, առաջարկելով ռոումինգը չեղարկել ողջ ԵԱՏՄ տարածքում։
Թե ինչ ընթացք կստանա Մոսկվայի կողմից արված այս առաջարկը, դժվար է ասել, սակայն արդեն իսկ նշանակալի է այն, որ ռուսական հակամոնոպոլիստական դաշնային ծառայությունը նման նախաձեռնողականություն է հանդես բերում, ինչը, անխոս, կարևոր քայլ կլինի միության տարածքում հեռահաղորդակցության ոլորտի համար, չհաշված նաև ընդհանուր կապերի ու հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը միության ներսում առհասարակ, քանի որ հեռահաղորդակցությունը պարզ մարդկային շփումներից մինչև բիզնես գործունեություն՝ դարձել է մարդու համար «արյունատար անոթների ցանցի» նման մի բան։
Եթե իրադարձությունների զարգացումները ճիշտ ենք գնահատում՝ Ռուսաստան-Բելառուս ռոումինգի չեղարկումը առաջին փուլը կամ առաջին քայլը կարելի է համարել ընդհանուր միության տարածքում չեղարկման գործընթացի։
Ռուսական կողմը բավական հետաքրքրված է այս գործընթացով, այլապես չէր դարձնի հակամոնոպոլիստական դաշնային ծառայության Յալթայում անցկացրած խորհրդակցության օրակարգային հարցերից մեկը և բելառուսական կողմի հետ տարվող աշխատանքների մասին էլ նման դրվատանքով չէր արտահայտվի։
Սակայն պետք է նկատի ունենալ մի նրբերանգ։
Ռուսաստան-Բելառուս ռոումինգի չեղարկումը կարող է դիտարկվել միասնական պետության ստեղծման համատեքստում, որպես միաձուլման քայլերից մեկը։ Սակայն նույն կերպ չի կարող դիտարկվել ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների դեպքում, քանի որ մյուսների հետ միացյալ պետություն ունենալու համաձայնագիր չկա։
Այլ է հարցը, որ որպես ինտեգրացիոն մոդել՝ դիտարկվի Եվրոպական միության մոդելը։ Ի դեպ, նշենք, որ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման գործընթաց սկսելու մասին հայտարարել էր նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, նշելով, որ առաջիկա 1-1,5 տարում ռոումինգը կվերանա միության տարածքում։
Այս ամենից ի՞նչ կշահի Հայաստանը կամ շարքային հայաստանցին։ Իհարկե այն, որ հայաստանցի շատ ընտանիքներ կազատվեն բավական ծանր ֆինանսական բեռից՝ Ռուսաստանում արտագնա աշատանքի մեջ գտնվող իրենց ընտանիքի անդամների կամ հարազատների հետ հաղորդակցվելու համար ռոումինգի վճարումից, որը անկախ կիրառվող բազմաթիվ ու բազմապիսի զեղչերից, բավական լուրջ գումար է կազմում հայաստանցու լղարիկ դրամապանակի համար: