«Իմ տիրապետած ոլորտները բոլորը ռելսերի վրա են». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Տեսա՛ք, որ մենք դեմ քվեարկեցինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ներկրվող ցեմենտի և կլինկերի վրա տուրք կիրառելու հարցին:
Նա նկատեց, որ սխալ են այն կարծիքները, թե ԲՀԿ խմբակցությունը լծվել է իր բիզնես շահերի պաշտպանությանը. «Հիմնական պատասխանատուն խորհրդարանն է, ԱԺ հանձնաժողովն է, որը պետք է ներկայացնի, որ դա ոչ թե Ծառուկյանն է, այլ այսօրվա օրենքն ու իշխանությունն է: Ասում են՝ շահերի բախում. եթե այսօր որևէ մեկը տեսնի, որ Ծառուկյանը դոշ է ծեծել… ինձ երկուսն էլ ձեռք է տալիս: Ես միայն ժողովրդի համար եմ ասում»,- ասաց Ծառուկյանը:
Նա նկատեց, որ ներդրումից խոսում են այն մարդիկ, ովքեր մատը մատին չեն տվել ու մի հատ ծառ չեն տնկել:
«Հիմա ուզում են խառնեն, ալիքներ պղտորեն, տարբեր բաներ խոսելով»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
Նա նկատեց, որ բոլոր հարցերը կարելի է երեք ամսում «ռելսերի» վրա դնել: Հարցին, թե այդ դեպքում ինչու նրա գործունեության ոլորտներում ամեն բան «ռելսերի» վրա չէ, ԲՀԿ առաջնորդը արձագանքեց. «Իմ տիրապետած ոլորտները բոլորը ռելսերի վրա են և ամենաբարձր որակի վրա են: Ինչ քանդված, ավիրված վերցրել եմ, զարգացրել եմ: Էսօր ամենաբարձունքի վրա եմ կանգնած»: