Հայաստանը ԵԱՏՄ-ում սկսել է կաղալ, ո՞րն է պատճառը
Հայաստանն ու Ղրղզստանը լուրջ դժվարություններ ունեն՝ կապված անասնաբուժական էլեկտրոնային հավաստագրման համակարգերի ներդրման հետ։ Այս մասին ահազանգել է Ռուսաստանի Россельхознадзор գերատեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Վլասովը՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Sputnik ռադիոկայանի ղրղզական ծառայության փոխանցմամբ, Վլասովը ներկայացրել է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այժմ ԵԱՏՄ անասնաբուժական էլեկտրոնային հավաստագրման համակարգում, նշել դրանք ըստ երկրների հասցեականության և ներկայացրել, թե որ երկրներն են առավել հաջողություններ գրանցել այդ գործընթացում։
Ուշագրավ է այն, որ Վլասովի ներկայացրած տվյալների համաձայն, ԵԱՏՄ նախագահությունը ստանձնած Հայաստանի և Ղրղզստանի համար հավաստագրման գործընթացը խնդրահարույց է և կան լուրջ դժվարություններ, իսկ Ղազախստանում էլ գործն առաջ է գնում բավական դանդաղ տեմպերով։
Սրան հակառակ, անասնաբուժական հավաստագրման էլեկտրոնային ծառայության ներդրման գործում հետխորհրդային տարածքի ամենից հաջողվածը համարվող տնտեսական-ռեգիոնալ բլոկում հաջողել են Ռուսաստանն ու Բելառուսը։
Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է, որ Մոսկվայում և Մինսկում կա այն ինֆորմացիոն համակարգը, որը կարող է աշխատեցնել այդ գործընթացը։ Ավելին, Մինսկում եղած համակարգն արդեն ինտեգրացված է ռուսական համակարգի հետ, որը կոչվում է «Մերկուրի» ու աշխատում է։
Այս ամենի արդյունքում, դեռևս աշխատանքներն ընթանում են անասնաբուժական հավաստագրման ոլորտում խառը ձևով՝ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակներով, իսկ լրիվ անցումը էլեկտրոնային հավաստագրման, դեռ համարվում է հեռանկարային, մինչդեռ հարկ էր, որ արդեն կյանքի կոչված լիներ Միության ողջ տարածքում, հատկապես, որ նորմատիվային բոլոր ակտերն ու փաստաթղթերն արդեն վավերացված են ու գործող։ Այս ամենից պարզ է դառնում մի բան՝ Հայաստանը, որը նախագահող երկիր է ԵԱՏՄ-ում, որը ինքն իրեն համարում է առաջատար տեխնոլոգիաներով առաջ շարժվող երկիր, փաստորեն, սկսել է կաղալ ռեգիոնալ տնտեսական բլոկում, որն ի դեպ միակ բլոկն է, որտեղ լիարժեքորեն գործում է և այդ գործունեությունը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի տոկոսը։
Այստեղ հարց է առաջանում՝ եթե խոսքը համակարգերի ստեղծման, մշակման ու ինտեգրացման մասին է, ապա ո՞րն է խնդիրը, մի՞թե կառավարությունը չունի այն մասնագիտական բազան առաջատար տեխնոլոգիաների ոլորտի, որով կկարողանար հարցը լուծել, որպեսզի նման, անկեղծ խոստովանենք՝ տգեղ իրավիճակում չհայտնվեինք։