Հարության տոնի ավանդույթները՝ հինգերորդցիների ներկայացմամբ (լուսանկարներ)
«Հայր մեր»-ով, ծիսական ավանդույթների ներկայացմամբ ու զատկական տոնի մասին հետաքրքիր պատմություններով Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները բեմականացրին Հարության տոնը:
Նրանց հետ միջոցառումը կազմակերպել էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Էլմիրա Վարդանյանը:
Զատիկը ժողովրդի սիրված և սպասված տոներից է, և ամեն տարի նշվում է մեծ շուքով: Հինգերորդցիները թեև մինչ այդ էլ տոնել ու նշանավորել են Զատիկը, սակայն այդքան շատ տեղեկատվություն չեն իմացել օրվա խորհրդի ու այն տոնելու ավանդույթի հետ կապված:
Միջոցառումն առիթ էր տեղեկանալու, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Նրանք արդեն գիտեն, որ այս տոնը ո՛չ միայն այլ երկրներում է այլ կերպ տոնվում, այլև հենց Հայաստանի տարբեր մարզերում ու գյուղական համայքներում այն իր տոնելու ավանդույթն ունի:
Օրինակ՝ որոշ շրջաններում զատկական մատաղ են անում. մորթում են եզ կամ ոչխար: Միսը եփում են ամբողջ գիշեր ու գյուղի բոլոր երիտասրդներն այդ ընթացքում երգում, պարում ու խաղեր են կազմակերպում: Կիրակի օրը` վաղ առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես, բոլորը շտապում են եկեղեցի` պատարագի, որից հետո բաժանվում է մատաղը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այս և, տոնակատարության հետ կապված, ուրիշ ավանդույթներ...
Աղջիկներն իրենց հետ բերել էին նաև զատիկներով, ձվերով ու օրվան համահունչ գեղեցիկ աքսեսուարներով զարդարված խոտով զամբյուղներ, որը գնահատվեց տնօրինության կողմից:
Այս ամենը ներկայացնելուց հետո, աշակերտները, որպես Հարության օրը տոնելու ավանդույթն իրենց մեջ կրողներ, կռվացրեցին գույնզգույն ներկված ձվերն ու շնորհավորեցին միմյանց գալիք տոնի առթիվ: Ձվակռվին մեծ սիրով մասնակցեցին նաև միջոցառման նախաձեռնող Էլմիրա Վարդանյանը, դասղեկ Լուսինե Կարապետյանն ու ներկա մյուս ուսուցիչները:
Օրն ստացվեց...
Արմինե Մկրտումյան