Էրդողանը կորցրեց Ստամբուլը. ինչպես դա կազդի տեղի հայության վրա
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն այդ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, մեղմ ասած այնքան էլ գոհացուցիչ չեն։ Նախագահ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը կորցրեց Անկարայի, Իզմիրի և Ստամբուլի քաղաքապետի պաշտոնները՝ դրանք զիջելով քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը։
Հետաքրքրական է այն, որ եթե Իզմիրի և նույնիսկ մայրաքաղաք Անկարայի քաղաքապետների պաշտոնների կորուստը Էրդողանը կարողացավ տանել փոքրիշատե թեթև, ապա Ստամբուլի դեպքում բավական ցավոտ արձագանքեց։ Խնդիրն արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու։
Ստամբուլը Թուրքիայի ֆինանսատնտեսական և մշակութային սիրտն է։ Ստամբուլը Թուրքիայի մանրակերտն է։ Ստամբուլից է հենց Էրդողանը սկսել իր կարիերան՝ 1994-ին քաղաքապետ ընտրվելով, և կորցնելով Ստամբուլը, նա հասկանում է, որ կորցնում է ողջ Թուրքիան։
Ու թեև կենտրոնական իշխանությունը դեռևս Էրդողանի կուսակցությանն է, սակայն տեղերում քիչ ռեսուրսներ ու իշխանույուն չկա կուտակված, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Եվ ահա երկարատև քաշքշուկից հետո Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Էքրեմ Իմամօղլուն ԺՀԿ-ից որպես Ստամբուլի քաղաքապետ և համապատասխան վկայական հանձնում նրան, ինչին ի պատասխան իշխանության պարտված թեկնածու, Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին պառլամենտի նախագահ աշխատած Բինալի Յըլդըրըմը հանդես է եկել հայտարարությամբ, որով ճանաչել է Իմամօղլուի ընտրությունը, համարելով, որ անիմաստ է լարվածությունը սրելն ու շարունակելը, և ի վերջո, դեմոկրատիան և օրենքն իրենց խոսքն ասացին, ԿԸՀ-ն էլ իր վերջնական ասելիքն ասաց՝ Իմամօղլուին ճանաչելով Ստամբուլի քաղաքապետ։
Ստամբուլի նոր քաղաքապետի ով լինելը կարևոր է ոչ միայն թուրք հասարակության, այլ նաև տեղի հայ համայնքի համար։ Բանն այն է, որ արդեն հաշված օրեր անց վերջանալու է Կոստանդնուպոլսի Հայոց Մեսրոպ պատրիարքի մահվան հետ կապված հայտարարված սգո քառասնօրյա շրջանը, և սկսվելու են ակտիվ գործընթացներ՝ կապված նոր պատրիարքի ընտրության հետ։
Հիմնական գրագրությունն իրականացվելու է տեղի պատրիարքարանի և Ստամբուլի իշխանությունների միջև։
Պատրիարքարանն ու հայ համայնքն առհասարակ, ի դեմս համայնքի ղեկավարի համարում ունեցող Պետրոս Շիրինօղլուի, հայտնի են որպես Էրդողանի կողմնակիցներ և այստեղ հետաքրքիր հարց է բացվում՝ ինչպե՞ս են աշխատելու պատրիարքարանն ու համայնքը քեմալական, հակաէրդողանական նոր քաղաքապետ Իմամօղլուի հետ, և արդյո՞ք թեկուզ և նոր պատրիարքի ընտրական գործընթացների մասով որոշակի ձգձգումներ չեն առաջանալու։
Սա, թերևս, ամենից էական հարցն է, որը պետք է ուշադրության կենտրոնում լինի, քանի որ խոսքը ոչ միայն կրոնական առաջնորդի, այլ Թուրքիայի հայ համայնքի ղեկավարի ընտրության մասին է, որը նկատելի պաշտոն է թուրքական պետական ապարատում։
NEWSPRESS.am