Փոքրիկ դասախոսություն՝ նախկին Երևանի «արժանապատիվ կարտոշկա» Հրաչյա Հակոբյանի համար (ֆոտո)
Ազգային ժողովի այս քառօրյան բավականին եռուն էր: Պատգամավորները սկսել են կենդանության շունչ ցույց տալ, քննարկում են, քննադատում, արդյունքում՝ պետք է ծնվի ճիշտը:
Իհարկե, դեռ այդ ճիշտը սաղմնային փուլում է, բայց այն առիթ է տալիս դիմակներ բացելու: Օրինակ՝ իմքայլական պատգամավոր, հայտնի աներձագ (ի դեպ, մեր խորհրդարանը կարծես այդպես էլ աներձագների պակասություն չի ունենում) Հրաչ Հակոբյանը սկսել է շանտաժի լեզվով խոսել և սպառնում է դասախոսություն կարդալ ընդդիմադիր պատգամավորների համար, թե ինչպես չպետք է աշխատած լինեին նախկինում:
Առաջին հերթին սարսափելի է պատկերացնել երկու տող իրար գրագետ չկապող Հակոբյանին դասախոսություն կարդալիս, ապա նաև, թե ում համար է նա կարդալու և ինչու: Մտահոգիչ է հատկապես ինչուն: Իրականում իմքայլականները և մասնավորապես Հրաչ Հակոբյանն այս ամիսների ընթացքում չեն արել գեթ մի բարեփոխում, չեն ընդունել մի օրենք կամ չեն մշակել մի նոր օրենսդրական նախաձեռնություն, որը որոշակի ոլորտ կկանոնակարգեր կամ կթեթևացներ ժողովրդի բեռը:
Դատարկաբանությամբ և պոռոտախոսությամբ զբաղվող 88 պատգամավորները չունեն ասելիք, թե ինչ նոր բան են իրենք արել ՀՀ-ի համար, նրանց միակ շանսը փրփուրներից կախվելով՝ նախորդներին հիշելն ու նրանց արածները հիշեցնելն է մնացել:
Դասախոսություն կարդալու սպառնալիք հնչեցրած պատգամավոր Հակոբյանն ինքը ևս ունի դասախոսությունների կարիք, օրինակ, որ չի կարելի ԱԺ նիստերին առաջատարներից մեկը լինել բացակայությունների առումով (22 բացակա) կամ յուրայինների բոլոր օրինագծերին չէ, որ պետք է կողմ քվեարկել, կարելի է նաև սեփական դիրքորոշում ունենալ և չքվեարկել վերևից եկող հրահանգներով առաջնորդվելով:
Կամ էլ պարզապես հիշել, թե ինքն ինչ էր ու ինչ դարձավ շնորհիվ սիրելի փեսայի: Հրաչ Հակոբյանը 2017 թվականին ռեյտինգային ցուցակով ևս առաջադրված էր խորհրդարանական ընտրություններում և հավաքել էր ընդամենը 3390 ձայն, իսկ ահա հեղափոխությունից հետո՝ 8920:
Շատ է խոսվում այն մասին, որ նրան այս թիվը հավաքելու համար օգնել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինքն էլ հարցազրույցներից մեկում շեշտում է՝ եթե Ալեքսանյանն օգնած լիներ, ավելի շատ ձայն կհավաքեր: Փաստորեն Հակոբյանը կարծում է՝ դեռ Ալեքսանյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ինքն ու փեսա Նիկոլը: Միգուցե նաև դասախոսության մեջ ա՞յդ մասին հիշատակի Հակոբյանը, թե ինչպես ընտանյոք արագ ծալվեցին ու ճկվեցին մեկի առաջ, ում ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ընդհուպ մինչև սպանություն պատվիրելու համար էր մեղադրում, էլ չենք խոսում «մանր-մունր» փողային ու «մենաշնորհային մեղադրանքների» մասին:
Եվ վերջում, կանկեղծանա՞ իր դասախոսության մեջ ու կխոսի՞ Հրաչիկ Հակոբյանը նաև այն մասին, թե ինչպիսի ընդդիմություն չպետք է լինեին ինքն ու փեսան ու չմեղադրեին նախկիններին բաներում, որոնք պաշտոնին հասնելով՝ առաջին հերթին իրականացրին կամ թողեցին ուժի մեջ՝ կուտակային կենսաթոշակներ, արագաչափեր, կարմիր գծեր, հին կադրեր, 1000 դրամներ, ԵՏՄ-ին անդամակցություն:
Հրաչիկ Հակոբյանին նաև «Գազել»-ների մասին հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հեգնանքով ասում էր, թե քաղաքի մի կետից մյուսը գնալով «կարտոշկա» է դարձել: Հիմա էլ նույնն է, պարզապես ծառայողական մեքենայից օգտվողն ու բյուջեին ծանրացողն այլևս չի հասկանում «կարտոշկա» դառնալու դժվարությունը: Ու նաև հիմա քաղաքապետն է յուրային, խնդիրներից խոսելը դավաճանությանը հավասար մի բան է: