Կա՛մ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետությանը, կա՛մ իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում. Շարմազանով
Դեռևս Ազգային ժողովի փոխնախագահ եղած ժամանակ բազմիցս նշել եմ, որ անվտանգությունը մեր պետության համար կարևորագույն մարտահրավերն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ի՞նչ ունենք: Երկրի վարչապետն Իրանում հայտարարում է, որ մեր երկրում կան օտարերկրյա գործակալներ: Մեկ ամսից ավել այդ հայտարարությունը հնչել է, բայց ուժային մարմինները որևէ գործողություն չեն իրականացրել: Ավելին՝ ես պահանջել եմ երկրի վարչապետի պարտականություններն իրականացնող անձից, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել»:
Շարմազանովը նկատում է, որ Հատուկ քննչական ծառայությունը, «ում ասես», հրավիրում է հարցաքննության. «Մի հատ չի՞ կանչում վարչապետին, ասում՝ հլը արի, ընկեր ջան, էդ ովքե՞ր են էդ օտարերկրյա գործակալները, մի հատ բացատրություն տուր: Կա՛մ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետությանը և իր պաշտոնին, կա՛մ մեր էսօրվա քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Որովհետև անհնար է մի երկրում պետության ղեկավարը խոսի քաղաքական օտարերկրյա գործակալների մասին՝ շպիոնների, դրան 0 արձագանք լինի կամ որևէ գործություն չլինի»,- նշեց ՀՀԿ փոխխոսնակը: