Ձեր չափը ճանաչեք, եթե ոչ, ապա խոսք եմ տալիս՝ մեր խոսակցությունը այլ կերպ կլինի․ Բագրատյանը՝ Հովակիմյանին (տեսանյութ)
Այսօր, ինչպես և երեկ, ԱԺ-ում թեժ էր։ Օրակարգային հարցերին զուգահեռ, ավելի շատ փոխհրաձգություններ եղան։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հունից հանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ականներից ընդամենը 4-5 մարդ է ելույթ ունենում, և առհասարակ՝ իրենց աչքի գերանը թողած, իմքայլականներին են քննադատում։
«Մինչև հիմա ի՞նչ կարևոր ծրագրեր եք առաջարկել ժողովրդին, ի՞նչ եք խոսել։ 88 պատգամավոր եք՝ քանի՞սդ եք էդքանից ելույթ ունեցել։ Եկել ստեղ «Ֆուլ հաուզ» եք քննարկում (նկատի ունի «Ֆուլ հաուզ» հումորային սերիալը-հեղ․) ու խոսում եք մեր 4-5 հոգով ելույթ ունենալուց»,- Հովակիմյանին արձագանքեց Պետրոսյանը։
Նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Լենա Նազարյանն անջատեց նրա բարձրախոսը՝ ասելով, թե ժամանակը սպառվեց։
Այդ ժամանակ վարման իրավունքով ձայն խնդրեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։ Նա էլ իր հերթին նկատեց, որ անհարմար է Հովակիմյանի կողմից լսել նման հայտարարություններ, թե ով որքան ելույթ ունեցավ և ինչպես։
«Պետք է ձեր չափը ճանաչեք։ Վերջացրեք այս այս թատրոնը։ Կամ մենք պետք է իրար հետ նորմալ աշխատենք, կամ ես ձեզ խոսք եմ տալիս, որ մեր խոսակցությունն այլ կերպ կլինի»,- ասաց Բագրատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում