Նախկին ԱԱԾ-ականը՝ կապավոր. Քոչարյանի և Ծռերի միջև կա՞պ կա
Դավիթ Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կա՞ արդյոք կապ Քոչարյանի թիմի և Սասնա ծռեր ահաբեկչական խմբի միջև: Առաջին հայացքից չկա և ըստ տրամաբանության չի կարող լինել համենայնդեպս, եթե եզրակացությունը անենք միայն Ֆեյսբուք սոցիալական ցանցին հետևելով: Բայց ամեն ինչը չէ, որ երևում է Ֆեյսբուքում, մանավանդ եթե գործի մեջ խառն է «պրոֆեսիոնալ» ԱԱԾ-ականը:
Բանն այն է, որ այդ կապը իրականում կա, ավելին՝ կոնկրետ համագործակցություն է, եթե իմ աչքով տեսած չլինեի չէի հավատա դրան: Քոչարյանականներն ու ահաբեկիչ ծռերը համագործակցում են և նրանց միջև ինֆորմացիայի փոխանակումը և պայմանավորվածությունները տեղի են ունենում բացառապես բանավոր ձևով, և այդ ամենը կազմակերպում ու իրականացնում է ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգոր Ղուկասյանը: Նա կարողացել է այսքան ժամանակ պահել գաղտնիությունը և Քոչարյան - Ծռեր համագործակցության մասին գրեթե ոչ ոք չի իմացել ու չի էլ կասկածել:
Ուրեմն տեղեկացեք, որ իրենց ընդդիմադիր հռչակած ու իբր թե ժողովրդի շահերի համար պայքարող քոչարյանականները իրականում համագործակցում են մարդասպան ու ահաբեկիչ ծռերի հետ, այն նույն մարդասպանների, ովքեր 3 հայ մարդու կյանք խլեցին, ովքեր զենքով դուրս եկան իրենց պետության դեմ, որովհետև ՊՊԾ գնդի գրավման օպերացիան դա ոչ միայն ահաբեկչություն էր, այլ ոտնձգություն հենց մեր պետության դեմ, դա քայլ էր ընդդեմ մեր պետականության: Եվ եթե հաշվի առնենք որ քոչարյանականները այն ժամանակ նույնպես ընդդիմադիր էին Սերժ Սարգսյանի իշխանությանը՝ ի դեմս իրենց ՕՐՕ դաշինքի, ապա չի բացառվում, որ ահաբեկիչ ծռերի հետ նրանց կապը կարող է գալ նույնիսկ այն ժամանակներից: Ամեն դեպքում մի բան պարզ է՝ եթե նրանք հանուն իրենց շահերի համագործակցում են ահաբեկիչների հետ, ապա քոչարյանականները ոչ թե ընդդիմություն են, այլ պարզապես հակապետական տարրեր:
Եթե ներկայացրած փաստերս Ձեր մոտ կասկած կառաջացնի, ապա ճշտեք Սասնա ծռերից և Քոչարյանից»: