«Գազպրոմ Արմենիա»-ի ծնոտին չեն տա. գազը կթանկացնի
«Գազպրոմ Արմենիա»-ն կրճատում է հարյուրավոր տեսուչների:
Շուտով նրանք կդառնան գործազուրկներ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը, քանի որ կառավարությունը չի կարողանում աշխատատեղ ստեղծել. դեռևս ստացվում է միայն դրանք ստվերից դուրս բերելը:
Ու մինչ տնտեսական հեղափոխությունն օրակարգի թիվ մեկ առաջնահերթություն հռչակած թավշյա իշխանությունը մտածում է քայլեր պլանավորելու մասին, և հոգ չէ, որ դրանք դեռ պլանավորված չեն հեղափոխությունից 11 ամիս անց, ՀՀ հարյուրավոր հպարտ քաղաքացիներ կզրկվեն իրենց աշխատանքից:
Այս փաստն այսօր Ազգային ժողովում ընդունեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իհարկե՝ Գրիգորյանն ասաց, որ պետք է համակերպվենք դառը ճշմարտության հետ, քանի որ տեսուչների կրճատումը կախված է նաև նոր հաշվիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ:
Իսկ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ այս ընկերությունը նաև աշխատատեղ էր ապահովում մարզային բնակչության համար՝ պարզ է դառնում, որ մարզերում աշխատատեղերի կրճատումն ուղիղ համեմատական է քաղաքացուն երկրից դուրս հրավիրելուն:
Իսկ թե ինչ կարող է անել կառավարությունը, որպեսզի այդ ցավալի կրճատումները տեղի չունենան, Մհեր Գրիգորյանը չգիտի. միայն կարող է փաստել, որ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ի գործերին չի կարող խառնվել, ասել, որ այդ աշխատակիցներին պահի ու շարունակի հավելյալ ծախսեր անել, որովհետև դա կբերի գազի գնի թանկացման, ինչը կտարածվի արդեն բոլորիս վրա:
Իհարկե, գազի գնի էժանացման խոստումներով իշխանության եկած քաղաքական մեծամասնության՝ այս անպատասխանատու պահվածքը ևս մեկ հարված է նրանց հեղհեղուկ վարկանիշին, բայց այլ հարց է, թե ինչ պատասխան պետք է տա խոստումներ տվողը այն քաղաքացուն, ում առաջ կփակվեն «Գազպրոմ Արմենիա»-ի դռները կամ ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասում՝ կադրերի ռեզերվային նստարանին կնստեն հավերժ:
Ստացվում է՝ կառավարությունը, չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ այժմ չի կարող «Գազպրոմ Արմենիա»-ի ծնոտին հասցնել, քանի որ վտանգը գազի թանկացումն է ու դրա հետևւանքով բողոքի հզոր ալիքը: