Ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի. Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարության օպտիմալացման մասին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին: Այդ մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա դիտարկմամբ՝ ներկայացված օպտիմալացմանը որևէ հիմնավորում չբերվեց, բացի ինտուիցիայից։
«Այսինքն` օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային, ես չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության կամ առանձին անդամների ինտուիցիան, բայց հատկապես այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, քաղաքացիների, որոնց մի մասը գործազուրկ է, մյուսն էլ այս օպտիմալացման հետևանքով գործազուրկ կդառնա, ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նաև նկատում է, որ թեև հայտարարվում է, որ օպտիմալացման արդյունքում կրճատվածները ռեզերվում են նստելու, բայց պատգամավորը վստահ է, որ այդ մարդիկ նստելու են հավերժ։
Պատգամավորը, մասնավորապես, Մշակույթի նախարարության տարրալուծմանն անդրադարձավ և նշեց, որ եթե ՀՀ-ն այսօր ունի եզակի մրցունակ համաշխարհային բրենդ, դա մշակույթն է։
Նա նկատեց, որ եթե նախկինում այս կառույցի ղեկավարների գործառույթը մշակույթի գործիչների «պանիխիդան» կազմակերպելն էր, դա նույնիսկ պատճառ չպետք է դառնար Մշակույթի նախարարության դուռը փակելու։
«Որևէ արտառոց բան չկա, եթե մշակույթի այս պահին դեռ պատասխանատուի համար Սոս Սարգսյանը ժանր է, իսկ Օպերան թատրոն չէ, մշակութային այս նոր թրենդի մեջ ոչինչ բացառել չի կարելի»:
Մանրամասները՝ տեսանյութում