ԵԱՏՄ-ում բիզնեսը չի կարող դիմանալ չինական մրցակցությանը
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Չինաստանը որոշակիորեն հետաքրքրված է ԵԱՏՄ հետ իր հարաբերությունների սերտացմամբ։ Մոլորակի՝ մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանի համար սա լավ հնարավորություն է իր ռեգիոնալ ծրագրերի իրականացման համար, հատկապես, որ այն, որպես պետություն, միության անդամ բոլոր պետությունների հետ ունի լավ կամ գերազանց հարաբերություններ։
Ժամանակ առ ժամանակ խոսվում է Չինաստան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի հարցը։ Սակայն բիզնեսը և տնտեսությունը միակողմանիություն չեն սիրում, ինչպես ասում են, և փոխշահավետության սկզբունքից ելնելով, հարց է, թե՝ ԵԱՏՄ տնտեսության համար ինչքանո՞վ է ձեռնտու, օրինակ, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Մասնագետները նշում են, որ ներկայում ԵԱՏՄ բիզնես համայնքի համար ձեռնտու չէ այդ համաձայնագիրը, որքան էլ որ Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը լինի առանցքային կարևորության հարց՝ միության և Պեկինի միջև։ Խնդիրը, ընդ որում, այն է, որ միությունը պատրաստ չէ իր շուկան բացել Չինաստանի առաջ նման ծավալով, և կարողանալ ապահովել արդեն ազգային տնտեսություններում արտադրողների մրցունակությունը։ Խնդիրը մասնագիտական տեսանկյունից՝ բազմաշերտ է։
Նախ՝ ԵԱՏՄ տնտեսությունը բավական բարդ և ոչ միանշանակ օրգանիզմ է, բաղկացած անդամ պետությունների տարբեր զարգացվածության, կառուցվածքի և այլ պարամետրեր ունեցող տնտեսություններից, այսինքն՝ տարբեր մրցունակություն ունեցող ազգային արտադրողներից, որտեղ տարբեր են նաև տեխնոլոգիական հագեցվածությունը, աշխատուժի գինը և այլն։
Չինաստանը հայտնի է որպես տեխնոլոգիապես հագեցած և էժան աշխատուժ ունեցող երկիր և ազատ առևտրի գոտու համաձայնագիր եթե ստորագրվի, ապա չինական ապրանքները կկարողանան ամբողջ ծավալով մուտք գործել ԵԱՏՄ շուկա և լինելով ավելի էժան, գրավել շուկաներն ու այնտեղից դուրս մղել ազգային արտադրողներին։
Արդյունքում կլինի վտանգ, որ ԵԱՏՄ-ն կվերածվի պարզապես չինական ապրանքների սպառման շուկայի, առանց սեփական արտադրության։ Ավելի ձեռնտուն, հետևաբար, նաև Հայաստանի համար արտոնյալ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալն է, քանի որ եթե թեկուզ հարցը տեղայնացնենք Հայաստանի բավականին թույլ տնտեսության մասով էլ, ապա կարճ ժամանակ կպահանջվի, որպես տնտեսության բոլոր ճյուղերը պարզապես կաթվածահար լինեն էժան չինական ապրանքների հոսքից։ Արդեն իսկ չինական ապրանքները հայկական շուկայում բավականին ներկայացված են, իսկ լիակատար կերպով հոսքին ազատություն տալը կարող է լինել կատաստրոֆիկ։