Տարրական բարոյականություն պետք է ունենաք․ համեստ եղեք՝ դուք այս դահլիճում եք պատահականորեն. Զոհրաբյան (տեսանյութ)
Հարց հնչեց՝ ի՞նչ է արել «Բարգավաճ Հայաստանը։ Կարծում եմ՝ տարրական բարոյականություն պետք է ունենաք՝ նման հարց չհնչեցնելու համար»։ ԱԺ ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին դիմելով՝ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Կներեք, Ձեր անունը՝ Համազասպ․ Համազասպ, մի քիչ զուսպ եղեք։ Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երևի ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու և հասկանալու»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև հորդորեց մի քիչ համեստ լինել։
«Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ էստեղ նստած Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու էլի մի քանիսը, ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը․ հաստա՛տ, ո՛չ այս դահլիճում։ Ու տարրական հարգանք ունեցեք փորձ ձեռք բերած քաղաքական գործիչների նկատմամբ ու հանրությանը մի վախեցրեք հակահեղափոխական ստվերով»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նկատեց, որ նրա խմբակցության անդամը իրենց նախագիծը անվանել է անհեթեթ, ինչը, իր իսկ դիտարկմամբ քաղաքական վարքագիծ չէ։