«Ժողովուրդ»․ Վարորդների բողոքի ակցիան հետաձգվել է. ինչ է որոշվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երևանում գործող ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երևանի քաղաքապետարանն այն կանխել է: Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, և մենք մեր ակցիան հետաձգում ենք:
Ասացին. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»: Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կես գնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»:
Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլևս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղևորը:
Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում