Տոտալ կրախ. 5 ամիս չեն կարողանում ախտորոշել ցավերի պատճառը
Հինգ ամիս շարունակ որովայնի շրջանում ցավեր ունեմ, եղել եմ տարբեր հիվանդանոցներում, եռակի-քառակի անգամ հետազոտվել, ստուգումներ եմ անցել, անալիզներ հանձնել, բուժումներ ընդունել, ու չնայած այս ամենին, վիճակս ոչ միայն չի լավացել, այլև դեռ ստույգ ախտորոշում չեն կարողանում տալ։
Իմ նկատմամբ այս վերաբերմունքը նկատի ունենալով, թերևս բնավ չեմ կարող մեղադրել Իսրայելին, որը վերջերս հայտարարեց, թե Հայաստանում բժշկական կրթություն ստացած անձանց դիպլոմները, մեղմ ասած, բանի տեղ դնելու չեն։
Այսպիսով, ստիպված եմ մեկնել արտերկիր բուժում ստանալու ակնկալիքով, և հավանաբար, այլևս Հայաստան չվերադառնամ։ Եվ հորդորելու եմ ընկերներիս, բարեկամներիս, գործընկերներիս Հայաստանում չդիմել ոչ մի բուժ հիմնարկ։ Ավելին՝ անդրադառնալու եմ ՀՀ առողջապահության նախարարությում, մասնավոր ու պետական բուժ հիմնարկներում, հատկապես՝ որտեղ հետազոտվել եմ և «բուժվել», տիրող հակամասնագիտական, երբեմն՝ նույնիսկ հակամարդկային բարքերին։
Եվ ի հեճուկս՝ Առողջապահության նախարարի, որը պոպուլիստաբար հայտարարում է, թե լուրջ առաջընթաց կա, ապացուցելու եմ, որ ոլորտում տիրում է համատարած անպատասխանատու ու տգետ մոտեցում։
Հակոբ Մկրտչյան