Արմավիրի մարզպետն անդրադարձել է Զարթոնքում տեղի ունեցած կրակոցներին ու լարված իրավիճակին
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է Զարթոնք համայքում տեղի ունեցած բախումներին:
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:
Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»,-գրել է մարզպետը ֆեյսբուքյան իր էջում:
Նկատենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ է: Գյուղացիների մի զանգված պահանջում է համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Իսկ այսօր արդեն, վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել բնակիչների վրա: Համենայնդեպս բնակիչներն այդպես են նկարագրում իրավիճակը:
Իսկ բնակիչներից Սեյրան Սահակյանն էլ վստահեցնում է, որ գյուղապետի թոռն իր վրա կրակել է: