Կառավարության խոստացած տնտեսական հեղափոխությունը գիտաֆանտաստիկ ժանրից է
Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության, Հայաստանում, հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը գրանցել է 6,5 տոկոսանոց աճ։ Սրա հետ մեկտեղ, սակայն ավելացել է ներմուծումը, իսկ արտահանումը կրճատվել է։
Առհասարակ պետությունների՝ տնտեսական առումով հաջողվածությունը կայանում է նրանում, թե որքան ապրանք է այն կարողանում արտահանել։ Այսինքն, թե որքանով է այդ պետության ազգային տնտեսությունը կենսունակ, մրցունակ համաշխարհային շուկայում։ Բացի այդ, դա նաև պարզում է, թե այդ պետությունը ավելի շատ նյութական բարիք արտադրող պետություն է և հասարակություն, թե սպառող։
Այս տեսանկյունից, մեր վիճակն այնքան էլ լավ չէ, մեղմ ասած, քանի որ եթե մեզ մոտ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ավելին արտահանումն էլ նվազում է, ապա սա արդեն ազդակ է, որ տնտեսության գոնե արտադրական, նյութական բարիք ստեղծող սեկտորի վիճակը լավ չէ։ Վիճակագրությունը փաստում է որ արտահանման, արտաքին մատակարարումների կրճատումը ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմում է 12 տոկոս, իսկ ահա ներքին առևտուրը աճել է 11 տոկոսով։ Սա բավական ահազանգող է։
Նախ, ներքին առևտրի մասով պետք է արձանագրել, որ այդ աճը, որքան էլ խոսի այն մասին, որ կա տնտեսության մեջ որոշակի շարժ, օրինակ, սակայն այն չի բերում արտարժութային հավելյալ եկամուտներ, քանի որ ներքին առևտուրը իրականացվում է ՀՀ դրամով, իսկ արտաքին մատակարարումների աճը նախ և առաջ կնշանակեր արտարժութային եկամուտների աճ, ինչը կարևոր է տնտեսական հուսալիության տեսակետից։
Մյուս կողմից, անկախ այն հանգամանքից, որ ներքին առևտուրը ավելացել է, պետք չէ մոռանալ, որ մենք գործ ունենք ամեն դեպքում 2,5-3 միլիոնանոց ներքին շուկայի հետ, որը տարեցտարի ավելի նվազ գոնղունակ է դառնում։ Այս ամենը հուշում է, որ կառավարության խոստացված տնտեսական հեղափոխությունը օրըստօրե սկսում է ավելի ու ավելի համապատասխանել գիտաֆանտաստիկ ժանրին, քանի որ տնտեսական հեղափոխությունը իրենից ենթադրում է արտարժութային միջոցների խոշոր հոսք, արտադրության աճ, արտաքին մատակարարումների աճ, երկրի տնտեսության մրցունակության բարձրացում, նոր շուկաների նվաճում կամ եղածներում դիրքերի ամրապնդում, ու այս ամենը հանրագումարում բերելու էր բնակչության բարեկեցության նկատելի աճի։
Ու որքան էլ զարմանալի է, սակայն նույնիսկ հետսովետական տարածքի տնռեսական-ռեգիոնալ ինտեգրացիոն կառույցում՝ ԵԱՏՄ-ում էլ Հայաստանի դիրքերը արտահանման առումով նկատելիորեն թուլացել են, այն դեպքում, երբ օրինակ գիտաարտադրական մակարդակով Հայաստանը բավական լավ դիրքերում է և բավական լուրջ տեղեր կարող էր ունենալ մի շարք ոլորտներում։
NEWSPRESS.am