Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառքի վրա բռնված փոխնախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, որը 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է այդ փաստով հարուցված գործով:
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշումը հիմնավորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ:
Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ, նրա նկատմամբ չկա վերջնական իրավական ակտ, ինչը նշանակում է, որ այս պահին դեռ նրա մեղքն ապացուցված չի համարվում: