Հրաչյա Հակոբյանը ռիսկերը մոռացել է հաշվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում և արգելել վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը ԶԼՄ-ներում։
Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում և ըստ դրա հեղինակ Հրաչյա Հակոբյանի, թեև այս օրենքը չի արգելում սոցիալական ցանցերում գովազդը, սակայն արգելում է ԶԼՄ-ներինը։
«Եթե ես հնարավորություն ունենայի սոցցանցերում էլ արգելել, ես դա կանեի, բայց չունեմ այդ հնարավորությունը, և ես առաջարկում եմ արգելել այն, ինչի հնարավորությունն ունեմ, այսինքն՝ եթե մենք կարողանում ենք անել յուրաքանչյուր քայլ՝ այս ոլորտը քիչ գովազդելու համարում եմ, շատ կարևոր է»,- իր նախագիծը հիմնավորել է քաղաքական մեծամասնության պատգամավորը։
Այո՛, Հրաչյա Հակոբյանը չունի հնարավորություն, օրինակ, ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդն արգելելու համար, սակայն ունի լծակ՝ դա կիառելու մամուլի պարագայում։ Հակոբյանը հավանաբար հաշվի չի առել, որ օնլայն տիրույթում շահումով խաղերն արգելելն անհնար է, իսկ քանի դեռ կա խաղը, կա նաև դրա գովազդը, իսկ եթե առաջարկում է այդ գովազդի փողից կտրել լրատվամիջոցներին, ապա այդ ընկերություններն այդ գումարը և ավելին կուղղեն սոցիալական ցանցեր՝ կհարստացնեն ֆեյսբուքին և այլ սոցցանցերի, կամ որ նույնն է՝ իրենց փողը դուրս կհանեն, ու կստացվի շատ տեղին տնտեսական հեղափոխություն։
Ա՛յ այսպես են ապահովում տնտեսության զարգացումն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, կամ այսպես են ապահովում երկրում ԶԼՄ-ների անխափան գործունեությունը՝ հստակ գիտակցելով, որ մամուլի շատ միջոցներ գոյատևում են այդ գովազդներից ստացված եկամուտներով։
Ստացվում է՝ լինելով օրենսդիր մարմնի կարկառուն ներկայացուցիչներ՝ քնում-զարթնում՝ օրենքի նախագիծ են առաջ քաշում. օրինակ՝ Ալեն Սիմոնյանը՝ առանց դրա տակ հստակ հաշվարկներ դնելու կամ այդ օրենքի նախագծի տված օգուտներն ու վնասները հաշվարկելու․ դե, հաշվարկելու համար ոչ թե քայլել, այլ լուրջ մասնագիտացում է պետք ունենալ, մասնագետ է պետք լինել՝ հաշվարկների մեջ չսխալվելու համար։