ՊԵԿ նախագահը չի բացառում «Սպայկա»-ի պարտքը կավելանա, բայց նրան փոխարինող ընկերության անունը չի լսել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում, որ «Սպայկա» ընկերության պետական բյուջե չվճարած 7 մլրդ դրամը կավելանա: Այդ մասին նա ասաց այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում:
«Ավելանալու է, քանի որ մենք ունենք 3,5 տարվանն առնչվող առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ, որի ընդամենը 30 տոկոսին առնչվող ժամանակագրական առումով ունենք փաստաթղթեր: Ինչ ցույց կտան հաշվարկները, չեմ կարող ասել»,- ասաց Անանյանը:
Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետ կապված՝ Անանյանը նկատեց, որ ընթանում է իրավական գործընթաց:
«Եթե քննիչն ունի համոզմունք, որ ընկերության տնօրենն ազատության մեջ գտնվելով, կվնասի քննությանը, ինքը միջնորդում է դատարանին, որն էլ այդպիսի որոշում է կայացրել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն՝ «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» անունով, Անանյանը զարմանքով արձագանքեց:
«Ես չգիտեմ՝ ով ինչ է հայտարարում, բայց «Բեսթ ֆուդի» մասին առաջին անգամ եմ լսում: Տեսեք՝ «Սպայկա»-ի ղեկավարության նկատմամբ նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում: Եթե տնտեսագիտական կողմը նայենք, ապա մենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ անելու ենք, որ «Սպայկա»-ն՝ որպես տնտեսավարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի: Բայց այստեղ դիլեմայի առաջ ենք մենք կանգնած, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ի գործունեությունը խաթարվի: Որպես գործունեությունը չխաթարվելու նախապայման՝ նաև չպետք է քրեաիրավական գնահատական տանք նախկին ղեկավարության վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի»,- նշեց Անանյանը:
Նա նաև հավելեց, որ տնտեսությունում և ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն, որի շրջանակներում պետք է լինի ճիշտ և թափանցիկ գործունեություն: