YouTube-ի և Google-ի կարգավորումներով զբաղվող խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս․ Հակոբ Արշակյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։ Նրա՝ երեկ կատարված գրառման մեջ նաև ասվում է.
«Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։
✅ Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,
✅ Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների և լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։
Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։
✅ Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը։
Ընդհանուր առմամբ տվյալ երեք խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի ինչպես հայաստանյան և հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից սա կխթանի խոսքի և կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաև աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից: