Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ZIL-ն ու Opel-ը. ZIL-ը կողաշրջվել է. կան տուժածներ
Ապրիլի 10-ին, ժամը 17:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են ZIL (վարորդ՝ Ա.Կ., ծնված 1979 թ.) և Opel մակնիշների (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ Ա.Կ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ա.Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնակատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: