Ի՞նչ է սպասվում Երևանին՝ կոշտ հայտարարություններից հետո
Հայաստանում վերջին օրերին սկսված աղմուկը կապված տրանսգենդեր անձի՝ ԱԺ-ում ելույթ ունենալու հետ, կարծես թե չի ուզում հանդարտվել։ Հարցը հասավ այնտեղ, որ ԵՄ-ն ու ՄԱԿ-ը նախազգուշացրին՝ բավական կոշտ ձևակերպում-հայտարարություններ տարածելով իրենց երևանյան գրասենյակների միջոցով։
Հասկանալի է, որ նույնիսկ դիվանագիտական բալանսավորված ձևակերպումների արանքից «ծիկրակող» կոշտության հետևում արդեն իրատեսական քաղաքականության ոլորտում Երևանի վրա իրականացվող կամ իրականացվելիք բավական ուժգին ճնշումն է լինելու։ Դեռ երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ստրասբուրգ։ Հասկանալի է, որ սպասվող խոսակցությունների, բանակցությունների օրակարգում վերջին օրերի աղմուկն իր ծանրակշիռ տեղն ունենալու է, և պաշտոնական Երևանը փորձելու է ինչ-որ բացատրություններ տալ այս ամենին։ Հատկապես, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ ձեռքները ծալած չեն նստել ու նամակներ են ուղղել եվրոպական ու միջազգային տարբեր կառույցների։ Խնդիրը ոչ այնքան տրանսգենդերի խոսել-չխոսելն էր, և ոչ էլ դրա հակազդեցությունը, այլ այն, թե ինչ կլինի հետո։ Այդ հետոն, այս պահին գոնե, Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության համար կարող է լինել բավական մշուշոտ։
Օրեր առաջ Հայաստան-ԵՄ խորը և համապարփակ համագործակցության համաձայնագիրը վավերացրեց Գերմանիան։ Սակայն ԵՄ կազմում դեռ մոտ երկու տասնյակ պետություններ էլ կան, որոնք պետք է վավերացնեն և որոնց չվավերացումը կարող է հարցականի տակ դնել ամբողջ գործընթացը, որը բավական լավ արդյունքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Իհարկե, Երևանը չի կարող կորցնել այդ համաձայնագիրը։ Ուստի ստեղծված տհաճ կացությունից դուրս գալու համար պետք է ելքեր գտնի։ Առաջին դեպքում, վկայակոչելով ազգային մենթալիտետը և այլն, հայկական իշխանությունները կարող են ասել, որ մի շարք հանձնառություններ, որոնք ստանձնել է Երևանը, չի կարողանա կատարել, քանի որ կա ներքին լուրջ հակասություն։ Այսինքն, թե՝ Փաշինյանը կգնա՞ վերջին օրերին եղած աղմուկի քաղաքական կապիտալիզացիայի և այն կօգտագործի՞ միջազգային հարթակներում ինչ-ինչ հանձնառություններից խույս տալու համար կամ դրանց կատարումը հետաձգելու համար։
Մեծ հաշվով, ամենեևն չի էլ բացառվում որ այս ողջ «ճաշը» հենց դրա համար էր եփվել, ու արդյունքը բավական լավ կերպով երևակեց լակմուսի թղթի նման հանրային տրամադրությունները ներհայաստանյան դաշտում։ Այլ է հարցը, թե եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները կհավատա՞ն դրան, հատկապես, որ նրանք դեռ անցյալ ամառվանից բավական սկեպտիկորեն են տրամադրված Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հանդեպ ու մեկ անգամ մերժել են «թավշյա հեղափոխությունը» իրենց վրա վաճառելու՝ Փաշինյանի փորձը։
Մյուս սցենարով, որը անհամեմատ ավելի վատն է, հնարավոր է՝ Երևանը նահանջի ու, օրինակ, սկսի խտրականության բոլոր ձևերի քրեականացման գործընթացը, ինչի մասին բազմիցս է խոսվել ու համապատասխան փոփոխություններ կատարի ՀՀ Քրեական օրենսգրքում։ Այս դեպքում, սակայն, Փաշինյանի կառավարությունը բալանսավորելու և հասարակությանը այն ըստ ներհայաստանյան տրամադրությունների «փաթեթավորված» մատուցելու համար կգնա մի փոքրիկ խորամանկության։ Այն կմատուցի, օրինակ, ԼԳԲՏ ցանկացած տեսակի քարոզչության արգելման հետ, որպեսզի «և գառները լինեն ապահով, և գայլերը՝ կուշտ»։