Մահացել է ճարտարապետ Աշոտ Ավետիսյանը
Այսօր, 56 տարեկան հասակում, անժամանակ մեզանից հեռացավ վաստակաշատ ճարտարապետ Աշոտ Ջեմսի Ավետիսյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
«Ծնվել է 1963թ: ԵՊՃՀ-ը ավարտել է գերազանցությամբ:
Աշոտ Ավետիսյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից անդամ էր, Հայաստանի ճարտարապետների միության, Ճարտարապետների միջազգային միության անդամ, ճարտարապետության միջազգային մրցույթների դափնեկիր:
ՀՀ և մի շարք արտասահմանյան երկրների ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Աշոտ Ավետիսյանի ավանդն անգնահատելի է:Նա ավելի քան 50 իրագործված նախագծերի, գիտական հոդվածների, «Աշխարհի քաղաքը 21-րդ դարի նոր քաղաքակրթական մոդուլ» եզակի գաղափարի, «Իմ Երևան» գրքի հեղինակն էր:
Աշոտ Ավետիսյանը մտավորականի իր բարձր կերպարով բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ: Նա ստեղծել է արժեքներ, որոնցով դեռ երկար կշարունակեն կրթվել նոր սերունդները:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մեծ Հայի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին:
Անդառնալի կորուստ մեր բոլորիս համար…»