Փաշինյան–Ալիև հանդիպումը մեզ համար մութ է. Ծառուկյան
Մեզ համար մութ է Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որը տևեց 3 ժամից ավելի:
Ծառուկյանը նկատեց, որ ակնկալում են այդ հանդիպման մանրամասների շուրջ պարզաբանումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
«Խորհրդարանում վարչապետին փակ հանդիպման ենք հրավիրել։ Հրավիրելու ենք նախ Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար պարզ լինի»,- ասաց նա:
Գագիկ ծառուկյանը համակարծիք է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ:
«Լրիվ ճիշտ է, ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 25-28 տարի Արցախն առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։