Ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց. Բաբկեն Պիպոյանը՝ գազալցակայաններում գազի թանկացման մասին
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկվեց գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցը:
Ողջունելի է, որ հարցը մտավ օրակարգ` շանս կա, որ լուծում կստանա:
Այդուհանդերձ ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց:
Գազի գնի թանկացում նկատվել է այն լցակայաններում, որոնք իրացումը կազմակերպել են նոր` կիլագրամով վաճառքի ձևով: Նույնն է թե` հաշվարկային միավորի գնի մեջ կատարելով փոփոխություն` թանկացում:
Տարիներ շարունակ բարձրացվել է կիլոգրամով վաճառքի անհրաժեշտության և կարևորության հարցը, ինչը կկարգավորեր հնարավոր չարաշահումների խնդիրը:
Այդուհանդերձ անցումը անհրաժեշտ էր կազմակերպել համակարգված վերահսկողության ներքո` ինչը չի իրականացվել:
Պարզը բարդացնելու կարիք չկա` խտության փոփոխություն և այլն:
Գազալցակայանները, որոնք իրացումը սկսել են կազմակերպել կիլոգրամով, կիլոգրամի համար սահմանել են այնպիսի գին, որը հետհաշվարկով դեպի ծավալայն միավոր ավելի է, քան նախկին գինը:
Անհրաժեշտ է կազմակերպված միջոցառումեր իրականացնել` ներգրավելով նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
Այս գործընթացը չպետք էր և չպիտի ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ:
Անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ, հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին:
Այդուհանդերձ հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա:
Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն»: