Արշալույսի բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը (տեսանյութ)
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել են: Այս անգամ նրանք փակել են Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում են արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնել:
Դեռ 2 ամիս առաջ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի տեղակալ Կարեն Սիմոնյանն ստանձնել է համայնքապետի ժամանակավոր պարտավորությունները, սակայն դրանով հարցը չի լուծվել, ու հիմա արշալույսցիները պահանջում են հարցին վերջնական լուծում տալ:
Բողոքող գյուղացիների մոտ եկած ոստիկաններին չհաջողվեց համոզել նրանց բացել ճանապարհը: Արշալույսցիները բացեցին ճանապարհը միայն այն ժամանակ, երբ իրենց հետ հանդիպելու եկավ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել, և քննության ընթացքում է: Նա հորդորեց գյուղացիներին համբերել՝ մինչև քննության ավարտը: Վերջիններս,սակայն, նկատեցին, որ նաև գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարից են դժգոհ, քանի որ նույն ձեռագիրն է:
«Մենք դեմ ենք, որ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը գյուղապետի տեղակալ Կարեն Սիմոնյանը լինի: Թեկուզ մարզպետարանից ինչ-որ մեկին բերեք, թող ժամանակավոր ղեկավարի, մինչև տարվա վերջում ընտրություններ լինեն»,- ասացին արշալույսցիները։