Ուկրաինայի ընտրության նախնական տվյալներն ու Տիմոշենկոյի բողոքը
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների գրեթե կեսը: Ըստ նախնական տվյալների` նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հավաքել է շուրջ 30% ձայն, նրան հետևում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 17% ձայներով, իսկ երրորդ տեղում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է՝ 13% ձայներով:
Ձայների վերջնական հաշվարկից հետո միայն պարզ կդառնա, թե նրանց երկուսից ով կպայքարի նախագահի աթոռի համար Զելենսկիի հետ՝ երկրորդ փուլում: Բազմաթիվ քաղաքագետների կարծիքով՝ երկրորդ փուլ կանցնի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչի հետ համաձայն չէ երրորդ տեղով ընթացող Յուլյա Տիմոշենկոն:
Նա մասնավորապես ասել է. «Կուլիսների հետևում հիմա ինչ-որ ուժեր փորձում են էքզիթ պոլի տվյալները որպես քվեարկության տվյալներ ներկայացնել: Պորոշենկոյի իշխանության գալով՝ Ուկրաինան հրաժեշտ տվեց դեմոկրատիային: Մենք, իհարկե, չենք վիճարկում Զելենսկիի շատ ձայներ հավաքելը, սակայն միանշանակ կարող ենք ասել, որ 20% ձայների թվով մենք ենք երկրորդ տեղում, իսկ Պորոշենկոն՝ երրորդն է»: