Ինչո՞ւ Փաշինյանը լայվ մտավ հենց այն պահին, երբ ԱԺ-ում «նեղն էին գցել» իր պատգամավորներին
Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից, որից պարզ չի դառնում՝ Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է գեթ մեկ կարևոր հարց տարածքների վերաբերյալ, Արցախին և Հայաստանին հուզող որևէ հարցի պատասխանող տեղեկատվություն չկա։
Թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը երեք ժամ, որևէ մեկս տեղյակ չենք, իսկ տարածված նույնաբովանդակ հայտարարություններն այդ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերի մասին, որևէ պատկերացում չեն տալիս։
Այդ բացն այսօր լրագրողները փորձեցին լուծել Ազգային ժողովում՝ Արցախից վերադարձած՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից։ Բայց արի ու տես, որ Ազգային ժողովի ճեպազրույցներին մասնակող այդ խմբակցության պատգամավորները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը, որևէ կերպ մեկնաբանություն չտվեցին Փաշինյան-Ալիև հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ։
Լրագրողները նույն հարցը գրեթե տասն անգամ ուղղեցին և՛ Ռուբինյանին, և՛ Քոչարյանին, սակայն իմքայլական պատգամավորները որևէ պատասխան չտվեցին իրենց ուղղված հարցերին՝ պատասխանելով, որ այս մասին Նիկոլ Փաշինյանն արդեն արել է իր մեկնաբանությունը և բոլոր հարցերին հենց նա էլ կտա պատասխան։
Հետաքրքիր է, որ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ճեպազրույցների մեկնարկի ճիշտ նույն վայրկյաններին ուղիղ եթեր մտավ վարչապետ Փաշինյանը, իր խոսքով, մանրամասներ ներկայացնելով իր և Ադրբեջանի նախագահի հանդիպումից և մի հատ էլ զարմացավ, որ այդ հանդիպման մասին մամուլում ու սոցիալական կայքերում հնչում են տեսակետներ, որոնք կապ չունեն իրականության հետ։
Տպավորություն է, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտավ իր պատգամավորների անտեղյակությունն ի ցույց բոլոր լրագրողների չդնելու, նրանց հերթական անգամ ծիծաղի առարկա չդարձնելու, հերթական անգամ նրանց «կաշին փրկելու» համար, և պետք է փաստենք, որ դա նրան հաջողվեց․ լրագրողները նույն հարցը տասն անգամ տալուց և պատասխան չստանալուց հոգնեցին ու դադարեցրին իրենց հարցադրումները։
Չնայած Փաշինյանի ջանքերին՝ այնուամենայնիվ, Ռուբեն Ռուբինյանին չվրիպել չհաջողվեց․ լրագրողների հարցապնդումներին ի պատասխան՝ նա մեկ «մուննաթ» եկավ, որ Արցախից գիշերը եկել է, քնել, առավոտյան եկել ԱԺ, մի դեպքում էլ՝ պարզապես հրաժարվեց հարցին պատասխան տալուց՝ ասելով, որ այն անտրամաբանական է։
Ռուբինյանը, փաստորեն, այնքան է «աճել», որ արդեն տրամաբանական և անտրամաբանական հարցերն է կարողանում տարանջատել: Հետաքրքիր է՝ Ռուբինյանի փայլփլուն տրամաբանությամբ իր՝ որպես պատգամավորի գոյությունը որքանո՞վ է տրամաբանական, և` իր ԱԺ-ում հայտնվելու մեջ հատկապես ի՞նչն է տրամաբանականը։