Ղարիբյանը փաստեր է ներկայացրել իր ռեպերտուարի մեջ. Փաշինյանը հակափաստարկներ է պահանջել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչներին հորդորել է հակափաստարկներ ներկայացնել՝ կառավարության փաստերին:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նա բողոքի ակցիայի մի քանի մասնակցի հետ հանդիպել էր Փաշինյանի հետ՝ ներկայացնելու իրավիճակն ու քննարկելու հետագա անելիքները:
Փաշինյանը պահանջել է հակափաստարկներ ներկայացնել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի բերած փաստերի դեմ: Վերջինս, ի դեպ, հանդիպմանը ներկա չի եղել:
«Դե Ղարիբյանն իր ռեպերտուարի մեջ ներկայացրել է, թե Կոնստանտին Օրբելյանը լեզվին չի տիրապետում ու էլի մի շարք պատճառներ է բերել: Հիմա կառավարությունից թատրոնի էլեկտրոնային հասցեին կուղարկեն հակափաստարկների պահանջը, և արդեն անմիջապես մեր փաստաբանները կզբաղվեն խնդրով»,- հայտարարեց Հարություն Արզումանյանը՝ հավելելով, որ Փաշինյանը խոստացել է, որ եթե հակափաստարկները հիմնավոր լինեն՝ սխալ տեղեկություններ տվողները կպատժվեն:
Հարկ է նկատել, որ մինչ այդ տնօրենի պատրականությունները ժամանակավորապես կստանձնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: Փաշինյանը նաև խոստացել է հնարավորության դեպքում ներկա կլինի ապրիլի 4-ին կայանալիք «Կախարդական սրինգ» օպերային:
«Չխոստացավ, բայց ասաց՝ հնարավորության դեպքում կգա»,- ասաց Արզումանյանը՝ նկատելով, որ իրենք ժամանակ չեն կորցնելու և մինչ այդ պետք է նախապատրաստել հակափաստարկները:
Արզումանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ աջակցելու համար, և թատրոնի արտիստների հետ շտապեց Օպերայի շենք՝ անելիքները քննարկելու համար: